Անցած հանգստյան օրերի ֆուտբոլային Եվրոպայի թիվ մեկ հանդիպումն անտարակուսելիորեն «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» հանդիպումն էր, ինչը սակայն չի նշանակում, որ ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում անզիջում պայքարի պակաս կար:
«ՖԱՆՏԱՍՏԻԿ ԽԱՂ` ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՎ»
Սկսենք նրանից, որ երկրի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրի պաշտոնական 225-րդ էլ կլասիկոն առաջինն էր թիմերի գլխավոր մարզիչներ Խերարդո Մարտինոյի ու Կառլո Անչելոտիի համար, ովքեր, հասկանալի է, ընթացիկ մրցաշրջանից են գլխավորել համաշխարհային ակումբային ֆուտբոլի երկու գերակումբները: Մինչ այս դիմակայությունը հաղթանակների կտրվածքով առավելությունը «Ռեալի» կողմն էր 90:87 հարաբերակցությամբ, որը հավասարվելու միտում ունի հատկապես ի հաշիվ վերջին տարիներին կատալոնյան ակումբի ավելի ագրեսիվ մրցելույթների: Տարբերությունը ևս մեկ միավորով կրճատվեց, քանզի «Բարսելոնը» հաղթեց: Կատալոնցիներից գոլերը խփել են Նեյմարն ու Սանչեսը: Ի դեպ, սա երիտասարդ բրազիլացու առաջին էլ կլասիկոն էր: Առաջին էլ կլասիկոն էր նաև «Ռեալի» այս տարվա ամենաթանկ ձեռքբերման ու ընդհանրապես աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի` Գարեթ Բեյլի: Սա` ի միջի այլոց:
Խաղն ընդհանուր առմամբ անցավ կատալոնցիների թելադրանքով, և միանգամայն բնական էր նրանց հաղթանակը: Խաղավերջին Խեսեի խփած գոլը թույլ մխիթարություն էր մադրիդցիների համար, ովքեր արդեն վեց միավորով են հետ մնում իրենց հիմնական մրցակցից: Հիշարժան ուրիշ ի՞նչ կարող էր լինել այս խաղում, որ չեղավ: Թերևս Մեսիի սպասվելիք տասնիններորդ գոլը էլ կլասիկոների պատմության մեջ ու լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյից մի գոլով առաջ անցնելը (Ռոնալդուն տասներկու գոլի հեղինակ է), ինչպես նաև Ռոնալդուի հնարավոր յոթերորդ անընդմեջ գոլը, որը կարող էր լինել արտագնա վերջին վեց դերբիում առանց գոլի չհեռանալու ավանդույթի շարունակությունը: Ինչ վերաբերում է խաղի լարվածությանը, սույնի մասին խոսելն ավելորդ է հասկանալի պատճառներով, ինչպես որ ավելորդ է խոսել խաղի գեղեցկությունն ու բովանդակային կողմն ապահովող այլ պարագաների մասին: Չեմ կարծում, թե հիշեցնելու կարիք կա, որ խոսքը համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբների հանդիպման մասին է, միայն տեղեկացնեմ, որ ենթավերնագիրը վերցված է Կառլո Անչելոտիի խոսքերից:
ՄՅՈՒՍ ԹԻՎ ՄԵԿ ԽԱՂԵՐԸ
Բունդեսլիգայում անվիճելիորեն այդպիսին էր ռուրյան դերբին` «Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա» տանդեմի կատարմամբ: Նախորդ մրցաշրջանի երկու խոցումով գելզենկիրխենցիներն այնպիսի հետք չէին թողել դորտմունդցիների սրտում, որ վերջիններս չայրվեին վրեժի ծարավից: 3:1 հաշվով հաղթանակը եղավ այդ մխիթարանքը, և այդ մխիթարության մեջ շատ ակտիվ դեր խաղաց մեր Մխիթարյանն իր երկու փառահեղ գոլային փոխանցումներով: Ճիշտ է, հաղթանակը դորտմունդցիների առջև չբացեց աղյուսակի առաջին հորիզոնականի դռները («Բավարիան» 3:2 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ), սակայն դրանից Կլոպի տղաների սիրտն առանձնապես դաղված չէ. երկրի առաջնությունում ավարտվել է ընդամենը տասներորդ տուրը:
Անգլիական պրեմիեր լիգայում կենտրոնական հանդիպման համարում ուներ «Չելսի»-«Մանչեստր Սիթի» առճակատումը, որտեղ փայլեց Ֆեռնանդո Տորեսը` նախ հրաշալի անցումով ու նույնքան հրաշալի փոխանցումով (Անդրե Շյուրլեն պարզապես իրավունք չուներ այն գոլի չվերածելու, այլապես ստիպված էր վերաորակավորվելու ու մեր առաջնությունում որպես գնդակ տշող աշխատելու), ապա և խաղավերջում նույնքան հրաշալի անցումով ու դարպասի գրավումով, ինչն էլ ապահովեց լոնդոնցիների 2:1 հաշվով հաղթանակը: Հաղթական գոլն այն աստիճանի տպավորեց Մոուրինյոյին, որ հիացքի մեջ բառացիորեն իրեն նվիրաբերեց մարզասերներին` հայտնվելով նրանց խեղդող գրկախառնությունում: Իր մարզչական կարիերայի ընթացքում բազում հաղթանակներ տեսած պորտուգալացի մասնագետին, ինչ խոսք, այնքան էլ հեշտությամբ չես զարմացնի, բայց որ բեմական արվեստը զարմանալի տաղանդ է կորցնում, այս մեկն աներկբա է:
ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՆԵՐԸ
Իսպանական առաջնության առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցնողների մասին խոսել ենք: Ինչ վերաբերում է նրանց արանքում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», «Բետիսի» հետ խաղը Սիմեոնեի տղաներն անցկացրել են վերելքով ու հաղթել 5:0 կործանիչ հաշվով: Այստեղ Դիեգո Կոստան խփել է հերթական տասնմեկերորդ գոլն ու ռմբարկուների ցուցակում արդեն երեք գնդակով առաջ անցել իրեն հետապնդող Մեսիից ու Ռոնալդուից:
Բունդեսլիգայի տասներորդ տուրում «Աուգսբուրգի» նկատմամբ «Բայերի» 2:1 հաշվով հաղթանակը վերջինիս ապահովել է աղյուսակի երրորդ հորիզոնականը. ի դեպ` «Բորուսիայի» հետ հավասար քսանհինգ միավորով:
Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած ցավագին պարտությունից հետո Անգլիայի առաջնության իններորդ տուրը հաղթական եղավ «Արսենալի» համար, ում արտագնա հաղթանակը վերադարձրեց աղյուսակը գլխավորողի դիրքերը: Վենգերի թիմի ակտիվում է քսաներկու միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Չելսիի» մասին արդեն խոսել ենք: Ինչ վերաբերում է Աբրամովիչի թիմի պես քսան միավոր ունեցող ու ընդամենը երկու միավորով «Արսենալին» զիջող «Լիվերպուլին», ավելի քան տպավորիչ էր նրա հաղթանակը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ` 4:1: Այստեղ հեթ տրիկի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը:
Իտալիայի առաջնությունում իններորդ տուրը բերեց հերթական իններորդ հաղթանակը (1:0) «Ռոմային», ում առաջ այս անգամ ծնկեց նրան հյուրընկալած «ՈՒդինեզեն»: Հաղթանակներով ավարտեցին իրենց հանդիպումները նաև երկրորդ-երրորդ տեղերում գտնվող «Նապոլին» ու «Յուվենտուսը», որոնք տնային խաղերում նույն 2:0 հաշվով պարտության են մատնել համապատասխանաբար «Թուրինին» ու «Ջենովային»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի առաջնությանը, բարձրագույն դիվիզիոնի նորեկ «Մոնակոն» 2:1 հաշվով գերազանցել է նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Լիոնին» (երկրորդ գոլի հեղինակն այս տարի ակումբ տեղափոխված Ռադամել Ֆալկաոն է): Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի քսանհինգ միավոր: Նույնքան է նաև ՊՍԺ-ի ունեցածը, որն արտագնա խաղում հանդիպել է «Սենտ Էտիենի» հետ ու միայն խաղավերջում խփած գոլի շնորհիվ խուսափել պարտությունից` 2:2: Առաջատար եռյակը քսաներեք միավորով այստեղ եզրափակում է «Լիլը», որը «Նանտի» հետ արտագնա խաղում հոկտեմբերի քսանհինգին վաստակել էր երեք միավոր (1:0):
Ահա այսպիսին էին անցած հանգստյան օրերի եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ